Մարգարեները Աստծուց ուղարկված, Նրա խոսքը փոխանցող, Բարձրյալի կողմից որոշակի առաքելության կոչված անձինք են: Նրանք ապագայի մարդիկ են, ում ասելիքն ու գործը մատչելի չեն շրջապատին, իսկ դրանք հասկանալու համար ժամանակ է պետք: Այս է պատճառը, որ նրանք իրենց միջավայրում չեն հասկացվում, իսկ հաճախ էլ` ենթարկվում հալածանքների: «Մարգարեն հարգված անձ է, բայց ոչ իր գավառում, իր ազգատոհմի և իր տան մեջ», ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսն Ավետարանում: Մարգարեներ կամ մարգարեական ձիրք ունեցող մարդիկ կարող են լինել և մեր օրերում, պարզապես «մեր տան մեջ» դժվարնկատելի են նրանք: Բայց պետք է փորձել հայտնաբերել նրանց, որ առաջնորդեն մեզ..., որ հանկարծ չընկնենք փոսը:
Ծագումով իտալացի, գրող, պատմաբան և գիտնական Ջովաննի Գուայտայի կարծիքով` մեր եկեղեցու ու ժամանակակից պատմության մեջ մարգարեական դերակատարություն ունեցող անձ է Գարեգին Առաջին Վեհափառը: Լուսահոգի Հայրապետի մասին էլ հայրենիքում գնահատանքի խոսքերն այնքան առատ չէին, մինչդեռ օտարներն ու սփյուռքը մեծարանքի արժանացրին նրան ու իր վաստակը: Ամենայն հայոց կաթողիկոսի մեծությունը զգաց ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ով այսպես սգաց, երբ նա գնաց մեզանից. «Ափսոս, հազար ափսոս, որ Հայոց 131-րդ Կաթողիկոսն այդքան վաղաժամ հեռացավ մեզանից, և այդքան ողբերգականորեն ընդհատվեց նրա խոսքը, որ շքեղորեն հնչում էր նրա շուրթերի վրա` ցուցադրելով հայ լեզվի և հայ մտքի մեծագանձ կարողությունները: Բարեբախտություն է, որ մնացին նրա ազգաշահ գործերը, բազում ու բազմազան աշխատությունները, նրա արտասովոր մտքի ու հայությամբ բաբախող հոգու գրավոր վկայությունները, որոնք շատ անելիք ունեն մեր այս նյութապաշտ, օրեցօր հայաթափվող ու ոգեթափվող ժամանակներում»:
Երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսը ծնունդով Սիրիայի հայաբնակ Քեսապից էր, զավակը Հակոբ և Օվսաննա Սարգիսեանների։ Աստվածաբանությունն ուսանել էր Օքսֆորդում, որտեղ պաշտպանեց իր հանրահայտ «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» անգլերեն ավարտաճառը: Իբրև Անթիլիասի դպրեվանքի տեսուչ, Իրանա-Հնդկաստանի, թե Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ, իմաստուն հովվապետի հովանու ներքո ամենուրեք էր ազգային եկեղեցական կյանքը հաջողություններ արձանագրում: Իր ճիգերի շնորհիվ է կաթողիկոսությունը դառնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ, որտեղ նա ստանձնում է ղեկավար պաշտոններ։ Որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս պաշտոնավարության իր տասնութ տարիներից տասնհինգը Լիբանանի քաղաքացիական պատերազմի դժվարին տարիներն էին, երբ Վեհափառն իր իմաստնությամբ ու հեղինակությամբ կարողացավ զերծ պահել լիբանանահայությանը պատերազմում ներքաշվելու կործանարար հեռանկարից: Այդ տարիներին, ռմբակոծությունների ներքո մայրիների երկրի հայ գաղթօջախի կրոնական, ազգային, կրթական, մշակութային և շինարարական ոլորտներում կատարվեցին բազմաթիվ իրագործումներ, նույնը տեղի ունեցավ նաև անթիլիասապատկան մյուս թեմերում: Համայնքներ այցելելիս վեհափառն ամենուրեք էր ջերմ ընդունելություն գտնում, իսկ Անթիլիասում խանդավառ ժողովուրդը ծաղիկներ էր փռում նրա ճանապարհին: Մեծ էր Վեհափառի հեղինակությունը, նրա նկատմամբ հարգանքն ու համակրանքը օտարազգի կրոնական թե քաղաքական գործիչների մոտ, ինչը խիստ շահեկան էր եկեղեցուն ու ազգին: Միջեկեղեցական, միջկրոնական շարժման ռահվիրաներից էր նա, քաջ գիտեր սակայն, որ ազգը ևս մարդու նման չի կարող մեկուսացված մնալ, նրա հորդորն էր «քայլ պահել աշխարհին հետ, առանց սակայն, մեր ճամբայէն դուրս գալու»:
Գործի, հավատքի ու գաղափարի մարդ էր Վեհափառը, երբեք չէր ձգտում ձեռք բերել հատուկ դիրք կամ պաշտոն. «Միշտ ատել եմ հաջողություն ձեռք բերելու փառամոլական տենչը: Ես գտնում եմ, որ այն մարդու կոչման մահն իսկ է: Անհնար է ուրախությամբ ծառայել, եթե արարքներիդ մղիչն ու շարժառիթը հեղինակավոր դիրք գրավելու, իշխանության հասնելու ցանկությունն է, այլ ոչ թե ներքին հոգեկան պահանջ»,- ասում էր նա: Այս մտածողությանը խորթ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունն ինչ-ինչ նպատակներից դրդված ջանք չէր խնայում Գարեգին Երկրորդ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի` Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնում առաջադրման համար: Սակայն անելիքներն այնտեղ այնքան շատ էին, և անավարտ գործեր էլ կային: Ազնիվ հոգի Վեհափառին վստահեցնում էին, թե հայաստանցիներն իր կարիքն ունեն ու սպասում են գալստյանը: Բայց Վեհափառի Հայաստան գալը Բարձրյալի ծրագրերից էր, ինչը նաև վկայվեց մահվան տասնամյա տարելիցի առթիվ գերապատվելի Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից Մայր տաճարում խոսված քարոզի երևի թե երկնային ազդեցությամբ հնչեցրած մեջբերվող հատվածում. «Պատմական խառը ժամանակներում Վեհափառ Հայրապետը պատասխանեց Աստծո կանչին՝ գալով հովվելու իր հոտը՝ իբրև Ամենայն հայոց հայրապետ, եկավ իր ծառայությունը բերելու իր ժողովրդին: Լուծը ծանր էր, սակայն հիշելով Մովսեսի պատգամը՝ ուղղված Հեսուին, թե՝ քա՛ջ եղիր, որովհետեւ Աստծո Հոգին քեզ հետ է, եկավ լինելու քաջ հովիվ: Ներշնչված Ս. Հոգով՝ շարունակեց հովվել իր հոտը, առաջնորդել դեպի Աղբյուրը Լույսի: Համաշխարհային անձ է, համաշխարհային գիտակցություն և ներգործություն ունեցող անձ է Գարեգին Ա Վեհափառ Հայրապետը, որը խանդավառող ուժ դարձավ տարբեր եկեղեցիների հավատացեալների համար»:
Հեշտ չէր Վեհափառի համար աշխատել մի ժողովրդի մեջ, որը, փաստորեն, միայն անունով է քրիստոնյա, ուր իշխում է աթեիզմը, որտեղ առօրեական են խաբելու, կողոպտելու և այլ հակաաստվածաշնչական դրսևորումներ, որտեղ ամբողջ հասարակությունն է հաշվի նստում «գողական գաղափարախոսության» չգրված նորմերի հետ: Նա պետք է զգար, որ իր հետ որևէ առիթով հանդիպողներից միայն քչերն են պարզ սրտով գալիս, և որ յուրաքանչյուրն առաջնորդվում էր միայն իր շահով, նա պիտի տեսներ օրեցօր բնավորվող նյութապաշտությունն ու տմարդի չտեսությունը: ՈՒ ցավով պիտի ասեր, որ «շատ ավելի դյուրին է կառուցել այնտեղ, որտեղ ոչինչ չկա, քան թե վերականգնել խիստ խոցոտված այնպիսի ժառանգություն, ինչպիսին Հայաստանն է»: Եվ, չնայած անբարենպաստ այս պայմաններին, Վեհափառը կարողացավ տանել, իր իսկ բնորոշումով, «ծանրացած խաչը» և կաթողիկոսության փոքր ժամկետում մեծ գործ կատարեց. ձեռնամուխ եղավ բնակչության քրիստոնեական-ազգային գիտակցության ձևավորմանը, հիմնեց քարոզչական ու կրթական ինստիտուտներ, պատրաստեց երիտասարդ հոգևորականներ, ձևավորեց Մայր աթոռի կազմակերպական կառուցվածքը, բացեց եկեղեցական թեմեր, նորոգեց ու կառուցեց տասնյակ եկեղեցիներ, հրատարակեց բազմաթիվ գրքեր, մեզ և աշխարհին ներկայացավ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հավակնոտ ծրագրով, աշխարհասփյուռ հանգրվաններում հովվեց վստահված հոտը: Միջեկեղեցական ճանաչված գործչի ու նրա գիտաաստվածաբանական գրչի տարիների եռանդով քրիստոնյա եկեղեցիների համաշխարհային ընտանիքում ճանաչվեցին մեր եկեղեցու առաքելական ծագումն ու բնույթը, հարթվեցին բաժանարար տարաձայնություններ, էապես բարձրացավ մեր եկեղեցու և ժողովրդի հեղինակությունը: Այդ նպատակներին միտված Վեհափառի շատ ձեռնարկումներ բախվում էին հովվական գործելաոճին խորթ ու մտահորիզոնը կնունք-թաղում ծիսակատարությամբ սահմանափակված տեղի հոգևորականության դիմադրությանը, չնայած հետագայում այդպիսիք պիտի հաճույքով օգտվեին արդեն գցված կամուրջներից:
Աստվածատուր էին մեծ մտավորականի ունակություններն ու կարողությունները, մեծ հռետորի անգլերեն, ֆրանսերեն արտասանած խոսքը ոգեշնչում էր նույնիսկ եկեղեցիների ու պետությունների առաջին դեմքերին: Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարքը պիտի երանի տար այն ժողովրդին, որն այդպիսի զավակ ունի: Բախտավորություն էր լինել նրա զրուցակիցը, ով առաջնորդվում էր իր այս խոսքերով. «Մտածէ պահ մը, որ ըսածդ խօսքերը այնպես ըլլան, որ քեզի վերադառնան ուրիշին պատճառուած երջանկութեան խնդութեամբը»: Շատերին էր գրավում իր արտասովոր անձը։ Եվրոպացի արտգործնախարարը Թբիլիսի գործուղվելիս պիտի անշուշտ այցելեր Վեհափառին Էջմիածնում, քանի որ տարիներ առաջ առիթ էր եղել մեկ անգամ շփվելու նրա հետ: Զորավոր էր միտքն այնքանով, որ եղած մայրենին չէր բավարարում արտահայտվելու, ու տեղում ծնվում էին նոր բառեր: Արժե հիշել հայոց լեզուն հարստացրած շուրջ 1700 բառից բաղկացած բառարանի գոյության մասին: Վեհափառի անհավատալի մտավոր ներուժին էին գումարվում զարմանալի աշխատասիրությունը, հավատքի ուժը, սերն առ հայություն ու մարդկություն, նրա սրբակենցաղ ապրելակերպն ու անկրկնելի բարությունը: Եվ այս բոլոր հատկանիշների ծաղկեփունջն էր պայմանավորում նրա արտասովոր անհատականությունը:
Վեհափառի սիրած բնաբանն էր «մարդ է, որ գործէ զերկիր», ինչը գրված է նաև նրա շիրմաքարին. Աստված ստեղծել է մարդուն, նրան է վստահել երկիրը, որպեսզի նա այնտեղ գործունեություն ծավալի: Սակայն միայն Իր մտադրության շրջանակներում` Քրիստոսի մատնանշած ուղիով ընթանալը մեզ կարող է իրապես երջանկացնել և հասցնել Աստծու Թագավորություն: Ակներև է հայության ներգրավվածությունը մարդկության երջանկության բանալի քրիստոնեության տարածման գործում. առաջին քրիստոնյա պետություն, համաշխարհային մայրաքաղաք Երուսաղեմում մնայուն ներկայություն, Կիլիկիայի թագավորություն, Բյուզանդիայի գահակալությանը հարյուրամյակների մասնակցություն... Աստված հենց աբրահամական այս կրոնի տարածման ու պահպանման առաքելության նպատակով է ընտրել մեր ազգը, և Վեհափառը հորդորում էր այդ առաքելությունը շարունակել. «Եկեղեցին առաքելական է կոչվում ոչ միայն Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կատարած գործերի շնորհիվ. մեր մեջ պետք է ապրի առաքյալների ոգին, և մենք այն պետք է այսօր դրսևորենք», սովորեցնում էր նա: Բայց քրիստոնեությունն ուղղակի կենսական է հատկապես մեր ժողովրդի համար, ում ազգային դիմագիծը ձևավորել է հենց նա, ու հայ-քրիստոնյա ազգության երկրորդ, բայց առաջնային նշանակության մասնիկի կորստյամբ մեր ժողովուրդը պարզապես կվերածվի դիմազուրկ մի զանգվածի: Եվ հենց սա է շարունակաբար տեղի ունենում մեզանում: Վեհափառը մեզ բացահայտեց մեր ազգի մի եզակի կարևորագույն առանձնահատկություն, որ առանց քրիստոնեական արժեհամակարգի տկարանալով` պարզապես կանհետանա, և ընդհակառակը` կզորանա, որքան ավելի մոտ լինի նրան: Արտասանելով «Փրկեա յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն» աղոթքը` անտեսանելի ներքին թշնամու որոգայթներից նա մեզ զգուշացնում էր. «Տեսանելի թշնամին աչքով կը տեսնես, ինքզինքդ կը պաշտպանես եւ կրնաս խուսափիլ այն չարիքէն, որ դուրսի թշնամին կրնայ պատճառել: Ես տեսանելի թշնամիներէն շատ չեմ վախնար...: Ի՞նչ է աներեւոյթ թշնամին, եւ շատ խորունկ խօսք է: Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, այն թշնամին, որ մէզ մէր քրիստոնէական հավատքին մեջ կը տկարացնէ, այդ թշնամին է, որ ամէնէն վտանգաւորն է. որովհետեւ այդ թշնամին կը նմանի ծառի մէջէն գործող որդին, որ կուտէ աւիշը, կը չորցնէ ծառը...»:
Ավազանի անվամբ Նշան Սարգիսեանի գալուստը մութուցուրտ տարիներից և պատերազմից դեռ ուշքի չեկած Հայաստան ասես Երկնային յուրատեսակ մի նշան էր, որ Աստված մեզ հետ է: Զուգադիպությամբ կամ թերևս` ոչ, հենց այդ ժամանակվանից կատարվեց բեկում, երկրում նշմարվեց գործ, աշխուժություն, առաջացավ հույս, և եղան պահեր, որ ոմանց թվաց, թե Աստծո օրենքի ու արդարության սերմանման համար հող է գոյանում: Բայց ավաղ, Վեհափառի առողջականը վատթարացավ: Անքննելի են Տիրոջ գործերը, թե ինչու Նա մեզնից այդքան վաղ հեռացրեց Վեհափառին ու տարավ Իր մոտ: Հավանաբար զայրացավ, որ վեհարանի բազմամյա ծեր աշխատակիցը, ով նաև երբեմն սուրճը կաթեցնում էր ներողամտորեն ժպտացող Վեհափառի ծնկներին, բարի խոսքեր չէր արտաբերում նրա հասցեին: Երևի թե բարկացավ, որ «Ջերմուկի» արտահանմամբ բարեկեցիկ ապրելու հույսով անկախացող բնակչություն-ժողովուրդը իր իսկ բարերարին չի ճանաչում, մեջքով է շրջվում դեպի նա, երբեմն էլ դատապարտելիորեն արտահայտվում: ՈՒ որոշեց թողնել այդ բնակչությանը իրենք-իրենցով այնքան ժամանակ, մինչև որ բացվեն նրանց աչքերն ու կարողանան տեսնել այն ճանապարհը, որը ցուցվեց նրանց:
...Գուցե նաև Վեհափառն արդեն կատարեց Աստծո ծրագիրը, թողնելով իր հիմնաստեղծ ազդեցությունը, մեծ պոտենցիալ պարունակող մտքերը, թեև հստակ շարադրված, բայց վերծանման համար դեռևս ժամանակ պահանջող նրա տողերը: Եվ դեռ պիտի հետևորդները գան կառուցելու Հայոց Տունը Վեհափառի գցած անխորտակ հիմքերի վրա:
Վեհափառի` այս աշխարհից հեռանալը նույնպես հատուկ էր միայն մարգարեներին, չարչարանքները ծանր էին, բայց նա քրիստոսական տոկունությանբ հանդուրժեց դրանք. «Արտակարգ կամքի տեր անձնավորութիւն մըն էր հանգուցեալ Վեհափառը: Մինչ իր հիւանդութեամբ տառապողներ անտրամադիր կըլլան ու հաճախ ենթակայ հոգեկան փլուզման, Գարեգին Կաթողիկոս Նյու Եորք կեցութեան օրերուն երբեք չընկրկեցավ հոգեպես եւ չկորսնցուց իր հոգեկան անդորրը, նույնիսկ երբ ահռելի ցաւերու մէջ էր: Մինչ իր երկրորդ վիրաբուժական գործողութիւնը, ան ամեն օր կու գար Առաջնորդարան, ուր կը մնար ժամերով եւ ցավը վրան` կունենար տեսակցութիւններ հայ եւ օտար կարեւոր դէմքերու հետ, կոնդակներ եւ նամակներ կը գրեր եւ կամ գրական աշխատանքներ կը կատարէր: Նոյնը կը շարունակէր կատարել իր բնակարանին մէջ եւս, ուր կը ջանար ամոքել իր ցաւերը` ապաւինելով գրչի աշխատանքին»,- պատմում է սրբազան հայրը, ով այն օրերին Վեհափառի կողքին էր:
Երկու տարի առաջ երանաշնորհ Վեհափառի մահվան տասնամյակի կապակցությամբ լոնդոնաբնակ հարգարժան Հայկ և Էլզա Դիդիզեանների շնորհիվ Հայաստանում պատշաճորեն կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում երախտագիտության բարի խոսքեր արտասանվեցին, վերհիշվեցին նրա բարեբեր խոսքն ու գործը: Իսկ հաջորդ տարի լրանում է Մեծ հայի ծննդյան ութսունամյակը:
Արժանին մատուցենք մեր արժանագույններին, որպեսզի մեր կյանքը ևս արժևորվի, և արձանագրվի առաջընթաց:
Այսուհետև թերթի էջերում մեր ընթերցողներին կներկայացնենք հատվածներ Ջովաննի Գուայտայի «Հանդիպում երկնքի և երկրի միջև» Վեհափառի հետ ֆրանսերեն լույս տեսած հարցազրույց-գրքից, որը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, հայերեն, իտալերեն և ջերմ ընդունելության արժանացել ոչ միայն մեր ազգակիցների կողմից: Դյուրընթեռնելի և գեղեցիկ շարադրված բովանդակությունը անտարակույս պիտի օգնի մեզ ոչ միայն մոտիկից ճանաչելու մեծանուն հայրենակցին, այլև ամրապնդելու քրիստոնեական հավատքը, հարստացնելու գիտելիքները սեփական եկեղեցու … և նաև` հենց մեր մասին:
Աշոտ ՎԱՎՅԱՆ